Ethiopian Airlines ավիաընկերությունը շաբաթ օրը պաշտոնապես սկսել է Եթովպիայի Բիշոֆտու քաղաքում Աֆրիկայի խոշորագույն օդանավակայանի շինարարությունը, որի արժեքը կազմում է 12,5 միլիարդ դոլար: Ըստ պաշտոնյաների՝ նախագիծը կավարտվի 2030 թվականին, հայտնում է Reuters-ը:

Պետական ավիաընկերությունը պայմանագիր է ստացել Ադիս Աբեբայից մոտ 45 կմ հարավ-արևելք գտնվող քաղաքում չորս թռիչքուղի ունեցող օդանավակայանի նախագծման համար: «Բիշոֆտուի միջազգային օդանավակայանը կդառնա ավիացիոն ենթակառուցվածքների ամենախոշոր նախագիծը Աֆրիկայի պատմության մեջ», - X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է վարչապետ Աբի Ահմեդ Ալին:

Օդանավակայանը կտեղավորի 270 ինքնաթիռ և տարեկան կկարողանա սպասարկել 110 միլիոն ուղևորի:

Սա ավելի քան չորս անգամ գերազանցում է Եթովպիայի ներկայիս գլխավոր օդանավակայանի թողունակությունը, որն իր հնարավորությունների սահմանին կհասնի առաջիկա երկու-երեք տարում, ասել է Աբին: Ավիաընկերության ենթակառուցվածքների զարգացման և պլանավորման տնօրեն Աբրահամ Տեսֆայեն լրագրողներին հայտնել է, որ ավիաընկերությունը կֆինանսավորի ծախսերի 30%-ը, իսկ մնացած մասը կհոգան վարկատուները:

Նրա խոսքով՝ հողային աշխատանքների համար արդեն հատկացվել է 610 միլիոն դոլար, որոնք պետք է ավարտվեն մեկ տարի անց, իսկ հիմնական կապալառուները պետք է գործի անցնեն 2026 թվականի օգոստոսին։ Ի սկզբանե նախագծի արժեքը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։ Մյուս վարկատուների թվում է Աֆրիկյան զարգացման բանկը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր, որ կտրամադրի 500 միլիոն դոլարի վարկ և կգլխավորի 8,7 միլիարդ դոլար ներգրավելու ջանքերը։

«Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի վարկատուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նախագծի ֆինանսավորման հարցում»,- ասել է Աբրահամը։

Ethiopian Airlines-ը Աֆրիկայի խոշորագույն ավիափոխադրողն է։ 2024/25 թվականներին ընկերությունը բացել է վեց լրացուցիչ երթուղի, ընդ որում՝ եկամուտները նույնպես աճում են։