Արդեն շուրջ 150 հոգեւորական է իր անվերապահ աջակցությունն ու հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Հայ եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներից մի քանի մասը ներկայացնում ենք ստորեւ.
«Մեծապես ցավում եմ իմ մի շարք ընկերների, հոգեւոր հայրերի եւ առաջնորդների համար, որոնք մոլորվեցին եւ սատանայական խաբկանքների զոհը դարձան՝ դավաճանելով իրենց Մայր Եկեղեցուն։ Ուշքի եկեք, գործիք մի՛ դարձեք չար ուժերի դիվային ծրագրերին։ Հավատացեք, Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից։ Գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին։ Նա ինչպես Արցախը կործանեց, նույն ձեւով կործանելու է Հայաստանը։ Ի սեր Ս Էջմիածնի, ի սեր ՄԵՐ Արարատի, ի սեր մեր երազների՝ մերժեք չարիքը». Տեր Շնորհք քահանա. Բաղդասարյան
«Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ որդիական սիրով իմ անվերապահ նվիրումն ու հավատարմությունն եմ հայտնում քրիստոսակերտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին: Հոգևոր-եկեղեցական կյանքի բնականոն ու անշեղ ընթացքն ապահովում են Հայրապետական պատգամներն ու վճիռները, որոնք անսակարկելի են և բացառապես գործադրելի:
Ամենքս այս գիտակցությամբ մնանք անսասան և շարունակենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի շահ մեր Հայրենիքի և ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու». Հարություն վարդապետ Կիրակոսյան
«Հայտարարում եմ, որ իմ ծառայական լիազորությունները, հնազանդության շրջանակը և եկեղեցական ենթակայությունը բացառապես բխում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնական կարգից և չեն կարող ենթարկվել որևէ արտաքին կամ ոչ իրավաչափ միջամտության». Տեր Անդրանիկ քահանա Սարգսյան
«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս Հիսուս մեր միասնությամբ է,որ կպահպաննենք Հայ ժողովրդիս հազարամյակների պատմություն, ոչ թե [Հայաստանի պատմությամբ] կոչնչացնենք։կպահպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների պատմությունը, ոչ թե [ Հայաստանի Առաքելական եկեղեցու պատմությունը]։Խոհեմ լինենք մեր կարգի մեջ,իմաստուն և հեռատես մեր ծառայությամբ». Տեր Դավիթ քահանա Կյուրեղյան
«Շարունակում եմ ծառայել մեր Տեր Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին՝ հավատարիմ մնալով Լուսավորչի գահին ու գահակալին։
Իրոք ցավում եմ ստեղծված տխուր ու քայքայիչ իրավիճակի համար։ Աղոթում եմ մեր Սուրբ Եկեղեցու համար: Մեր Տեր Աստված մեզ հետ է».
Տեր Թադեոս քահանա Բարսեղյան
«Խստորեն դատապարտում եմ Եկեղեցու միասնությունը խաթարող, հավատացյալ ժողովրդին գայթակղության տանող և հոգևոր կարգը վտանգող ցանկացած գործողություն ու գործընթաց՝ հիշելով Տիրոջ զգուշացնող խոսքը․
«Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա»։
(Ղուկաս 17։1)
Մնալու եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական կարգի, միասնության և հոգևոր առողջության պաշտպանության դիրքերում՝ հավատարմությամբ ծառայելով Աստծուն, Եկեղեցուն և հավատացյալ ժողովրդին». Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյան