Շվեդիան «ծայրահեղ քննադատաբար» է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Գրենլանդիայի և Դանիայի հասցեին հնչող «սպառնալից հռետորաբանությանը»։ Այս մասին կիրակի հայտարարել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, հաղորդում է Reuters-ը։
Կիրակի ունեցած ելույթում Քրիստերսոնը հայտարարել է, որ կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգն ավելի մեծ սպառնալիքի տակ է, քան վերջին տասնամյակների ընթացքում։
«Մենք ծայրահեղ քննադատաբար ենք վերաբերվում այն ամենին, ինչ Միացյալ Նահանգներն այժմ անում է և արել է Վենեսուելայում միջազգային իրավունքի տեսանկյունից, և, հավանաբար, է՛լ ավելի քննադատաբար՝ Գրենլանդիայի ու Դանիայի վերաբերյալ հնչող հռետորաբանությանը,- հայտարարել է նա Շվեդիայի հյուսիսում անցկացվող անվտանգության ամենամյա համաժողովում։- Ընդհակառակը, Միացյալ Նահանգները պետք է շնորհակալություն հայտնի Դանիային, որը տարիներ շարունակ եղել է շատ հավատարիմ դաշնակից»։
Նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է տիրապետի Գրենլանդիային՝ ապագայում Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից դրա օկուպացիան կանխելու համար։