ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան լորդ Փիթեր Մանդելսոնը BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի տանը երբեք աղջիկների չի տեսել։ Նա հրաժարվել է ներողություն խնդրել հանգուցյալ ֆինանսիստի զոհերից նրա հետ ընկերություն անելու համար։
Էփշտեյնի հետ կապերի պատճառով ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնից ազատվելուց հետո սա նրա առաջին հարցազրույցն էր։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ իրեն «հեռու են պահել» ֆինանսիստի կյանքի սեռական կողմից, քանի որ ինքը նույնասեռական է։
Մանդելսոնը պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ հրապարակվել էին նրա էլեկտրոնային նամակները։ Դրանցում նա աջակցություն էր հայտնել Էփշտեյնին այն բանից հետո, երբ վերջինս դատապարտվել էր անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու համար։ Նախկին դեսպանն ասել է, որ միակ մարդիկ, որոնց տեսել է Էփշտեյնի տանը, եղել են «միջին տարիքի տնային տնտեսուհիները»։
Ըստ նախկին դեսպանի, նա ներողություն կխնդրեր, եթե «որևէ կերպ ներգրավված կամ մեղավոր» լիներ, սակայն ընդգծել է, որ նման բան երբեք չի եղել։
Էփշտեյնը մահացել է Նյու Յորքի բանտում 2019 թվականին՝ սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով դատավարությանը սպասելիս։ Ավելի վաղ՝ 2008 թվականին, նա դատապարտվել էր անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, ինչի պատճառով գրանցվել էր որպես սեռական հանցագործ։