Նիդերլանդներում անսովոր սառը ջերմաստիճանի հետեւանքով վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները: Ջրանցքները սառել են նաեւ Վենետիկում եւ Փարիզում:

Սիբիրյան ցրտերի պատճառով Եվրոպայում զոհվել է ավելի քան 368 մարդ, նրանք մեծամասամբ անտուն են եղել: Ամենից շատ ցրտերից տուժել է Ուկրաինան, որտեղ ցրտից մահացել է 135 մարդ: 

Մի շարք եվրոպական երկրներում օդի ջերմաստիճանը հասնում է -39-ի: Լիտվայում ջերմաստիճանը իջել է -31 աստիճան, Շվեյցարիայում` -35 աստիճան, իսկ Ուկրաինայում` -36 աստիճան:

Ցրտերից շատ է տուժել Իտալիան: Հռոմում հետաձգվել են դասերը դպրոցներում, մոտ 60 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ Տոսկանա եւ Ումբրիայի շրջաններում ձնաբուք է սպասվում: Ֆրանսիայում ցրտերը հանգեցրել են նրան, որ երկրի բնակիչները ռեկորդ են սահմանել էլեկտրաէներգիայի կիրառման չափերով:

Սերբիայում հայտարարվել է արտակարգ դրություն: Մոտ 11 հազար բնակիչ մնացել են աշխարհից կտրված վիճակում: Խորվաթիայում ձյան պատճառով մոտ 100 գյուղերի հետ կապը կտրվել է:

Ձնաբուքը ազդել է շատ օդանավակայանների աշխատանքների վրա:  AFP-ն հաղորդում է, որ ձյուն է եկել նաեւ Աֆրիկայի մի շարք երկրներում, այդ թվում Ալժիրում եւ Թունիսի հարավային շրջաններում, որտեղ ավելի քան 40 տարի ձյուն չէր տեղացել: