Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ մարտահրավերներ է առաջացնում Մոլդովայի նման պետությունների համար, և Եվրամիությանը միանալը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունը: Դրա մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, հաղորդում է Radio Moldova-ն:
«Մեկ այլ լուծում կարող է լինել Ռումինիայի հետ վերամիավորումը, բայց այս պահին այս գաղափարը բավարար աջակցություն չի վայելում»,- հավելել է Մոլդովայի նախագահը:
Նա բացահայտ հայտարարել է, որ այդ հարցի շուրջ հնարավոր հանրաքվեի ժամանակ կքվեարկի Ռումինիայի հետ միավորման օգտին:
«Եթե հանրաքվե անցկացվեր, ես կքվեարկեի Ռումինիայի հետ միավորման օգտին: Նայեք՝ այսօր ինչ է կատարվում Մոլդովայի շուրջ, նայեք՝ ինչ է կատարվում աշխարհում: Մոլդովայի նման երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում գոյատևել, գոյություն ունենալ որպես ժողովրդավարական պետություն, որպես ինքնիշխան պետություն: Սակայն որպես Մոլդովայի Հանրապետության նախագահ, ես հասկանում եմ, որ չկա մեծամասնություն, որը կողմ է Ռումինիայի հետ վերամիավորմանը, սակայն կա մեծամասնություն, որը կողմ է ԵՄ անդամակցությանը, և մենք աշխատում ենք այդ նպատակի ուղղությամբ: Դա շատ ավելի իրատեսական նպատակ է, և այն օգնում է մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Սանդուն։
Նա նշել է, որ միավորման հնարավորությունը բաց է թողնվել 1990-ականների սկզբին։
«1980-ականների վերջին կային «Ազգային վերածնունդ» շարժումներ, և, իհարկե, քննարկվում էր Ռումինիայի հետ վերամիավորման հնարավորությունը, քանի որ Մոլդովան նախկինում Ռումինիայի մաս էր կազմում։ Սակայն այն ժամանակ մենք չէինք կարող իմանալ՝ քանի մարդ կքվեարկեր, քանի որ հանրաքվե չկար։ Ընդսմին, դատելով «Ազգային վերածնունդ» շարժման մասնակիցների և փողոց դուրս եկած մարդկանց թվից՝ հարյուր հազարավորներից, կարելի է ասել, որ Ռումինիայի հետ վերամիավորման համար մենք աջակցություն կստանայինք»,- ընդգծել է Սանդուն։





























