Երեքշաբթի օրը մոտ 350 տրակտոր է մտել Ֆրանսիայի մայրաքաղաք՝ որպես ԵՄ-ի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈւՐ) համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի մաս, հաղորդել է BFM TV-ն։

Ցուցարարները պահանջում են պարզեցնել եվրոպական գյուղմթերք արտադրողների համար բյուրոկրատական ընթացակարգերը և կոչ են անում ձեռնարկել կոնկրետ ու անհապաղ գործողություններ՝ Ֆրանսիայի պարենային անկախությունը պաշտպանելու համար, նշում է հեռուստաալիքը։

Տրակտորներն արգելափակել են մի քանի ավտոճանապարհների վրա առկա երթևեկությունը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ֆերմերներն անցնում, մասնավորապես, Ելիսեյան դաշտերով։ Նշվում է, որ նրանք շարժվում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքը։

Հունվարի 9-ին ԵՄ Խորհուրդը երկու որոշում է կայացրել, որոնք «թույլատրում են ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև Գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ի ու ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի (ITA) ստորագրումը»։ Խորհրդի գնահատմամբ՝ «այս համաձայնագրերը միասին նշանակալի հանգրվան են ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի գործընկերների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի հետ ԵՄ-ի տևական հարաբերություններում. ուժի մեջ մտնելուց հետո դրանք հիմք կստեղծեն քաղաքական երկխոսության, համագործակցության և առևտրային հարաբերությունների համար՝ արդիականացված և համապարփակ գործընկերության շրջանակներում»։

Այս համաձայնագրի վճռական հակառակորդներն են Եվրոպայի գյուղմթերք արտադրողները, ովքեր կտրականապես դեմ են դրան՝ համարելով, որ այն ԵՄ երկրները կողողի լատինամերիկյան էժան արտադրանքով, որի նկատմամբ Եվրամիությունը չի ներկայացնի նույնպիսի խիստ պահանջներ, ինչպիսիք ներկայացվում են սեփական ագրարայինների արտադրանքին։