Հայ պարարվեստի ոլորտում կան անհատներ, որոնց ճանապարհը սահմանափակված չէ միայն բեմով։ Նրանք արվեստը կրում են ոչ միայն շարժման, այլև մտածողության, գիտելիքի ու սերնդափոխ փոխանցման մակարդակում։ Այդպիսի մասնագետներից է «Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր և մանկավարժ Լուսինե Սարգսյանը, որը տարիներ շարունակ հանդես է եկել ոչ միայն որպես բալետի արտիստ, այլև որպես պարի գիտակ՝ իր փորձն ու մասնագիտական արժեքները փոխանցելով նոր սերնդին։
Նրա ստեղծագործական ուղին ձևավորվել է դասական բալետի խիստ դպրոցում և շարունակվել ազգային պարի լավագույն ավանդույթներով։
Լուսինե Սարգսյանը 1994 թվականին ընդունվել է Երևանի պարարարվեստի ուսումնարան (այժմ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ)՝ դասական պարի բաժին, որն ավարտել է 2003 թվականին՝ ստանալով բալետի արտիստի որակավորում։ Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի է ընդունվել Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում, որտեղ աշխատել է մինչև 2013 թվականը՝ հանդես գալով որպես մենապարուհի։
Պարի նկատմամբ սերը նրա կյանքում հայտնվել է շատ վաղ տարիքից։ Լուսինե Սարգսյանը շուրջ 12 տարի ուսանել է բալետային բաժնում ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի դասարանում։ Ավարտական քննության ժամանակ նրան նկատել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը, որը առաջարկել է միանալ «Բարեկամություն» պետական համույթին։ Թեև սկզբում դասական պարից հետո հայկական և տարբեր ազգերի ժողովրդական պարերի բեմադրություններում հանդես գալը բարդ էր թվում, համույթի հիմքում դասական շարժումների առկայությունը նրան գրավել է, և հենց այստեղ էլ ձևավորվել է նրա երկարամյա ստեղծագործական ճանապարհը։
2003 թվականից Լուսինե Սարգսյանը «Բարեկամություն» համույթում հանդես է եկել որպես մենապարուհի՝ կատարելով բազմաթիվ պատասխանատու դերապարեր։ Նրա խաղացանկում են «Նոկտյուրն»-ը, Նորայր Մեհրաբյանի «Հերոսական բալլադ»-ը, Մաքսիմ Մարտիրոսյանի «Չինար ես»-ը, Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», ինչպես նաև «Եղնիկի պարը», «Գնչուկան», «Տառնատելան» և մի շարք այլ բեմադրություններ։ Դժվար է առանձնացնել որևէ մեկը, քանի որ յուրաքանչյուրն իր մեջ կրել է զգացմունքային և մասնագիտական առանձնահատկություն։
Դասական պարը Լուսինե Սարգսյանի ինքնարտահայտման հիմնական դաշտն է։ Նրա խոսքով՝ հատկապես հարազատ են այն բեմադրությունները, որտեղ միաձուլվում են դասականն ու ժողովրդականը։
Բացի բեմական գործունեությունից՝ Լուսինե Սարգսյանը կարևորում է նաև մանկավարժական և բեմադրական աշխատանքը։ 2014 թվականին նա ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Կարապետյանի արվեստանոց, որն ավարտել է 2019 թվականին՝ ստանալով պարարվեստի ռեժիսուրայի բակալավրի աստիճան։
2016–2024 թվականներին աշխատել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ որպես դասական պարի ուսուցչուհի, իսկ 2019–2021 թվականներին «Բարեկամություն» համույթում զբաղեցրել է բալետմայստերի պաշտոնը։
Լուսինե Սարգսյանը Պարույր Սևակի «Մարդն ափի մեջ» ստեղծագործությունը յուրահատուկ պարային լուծումներով բեմադրել է «Բարեկամություն» անսամբլի հետ։ Այն հանդիսացել է նրա դիպլոմային աշխատանքը։ Հենց այդ բեմադրությունն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի նրան վստահվի մեկ այլ աշխատանք՝ «Դառնում եմ» խորագրով, որն ընդգրկվել է «Բարեկամություն» համույթի հիմնական պարացանկում։ Բեմադրման օրվանից այն մեծ հետաքրքրություն է ներկայացրել պարային աշխարհում։ Այս բեմադրության համար Լուսինե Սարգսյանը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։
Այսօր Լուսինե Սարգսյանը ներկայանում է ոչ միայն որպես «Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, այլև որպես պարի ոլորտի կայացած մասնագետ և մանկավարժ։ Նրա գործունեության կենտրոնում բեմն այլևս միակ հարթակը չէ․ այն շարունակվում է կրթության, դաստիարակության և փորձի փոխանցման միջոցով։ Լուսինե Սարգսյանի համար պարը գիտակցված արվեստ է, որը ձևավորվում է մասնագիտական գիտելիքի, ներքին կարգապահության և երկար տարիների փորձի հիման վրա։
Հեղինակ՝ Լիանա Աղաջանյան





























