2025–ի իրադարձություններն ամփոփելիս չենք կարող դրանք վերցնել անջատ, դրանք պրոցեսի օրգանական մաս են և թերևս 2026–ի սկզբին հասկանալիորեն ունեինք զգացողություն, որ 2025–ին կւլմինացիան է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա դրական կուլմինացիա էր, բայց պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են»,–ասաց նա։
Անդրադառնալով Միրզոյան–Ռուբիո հանդիպմանը և դրա արդյունքում ընդունված փաստաթղթին, Փաշինյանն ասաց. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել, և մեր տարածաշրջանին շնորհավորել, և նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, և խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել։
Երբ ասում են՝ «այս օրհասական ժամանակներում», նախկինում շատ սովորական էին հնչում, հիմա ականջս ծակում են, իսկ ժամանակները ինչի՞ են օրհասական, կարա՞ք բացատրեք։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում, Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00 –ի դրությամբ, Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի, առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։
Սրանում դեր ունեն այն բոլոր պրոցեսները, որ տեղի են ունեցել, և նաև գիշերը տարածված հայտարարությունը, ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաև Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետև այս ամեն ինչը շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանի համար»,–ասաց նա՝ հավելելով, որ այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6–ն է, երբ քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը»,– հայտարարեց Փաշինյանը։





























