Նախորդ տարի շատ էական էր Եվրամիության անդամագրվելու, Հայաստանի Հանրապետության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, որը էլի անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրի, առաջին հերթին անկախության և ինքնիշխանության ապահովման և ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսակետից։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել կառավարության ընկալումը դրա նկատմամբ. արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինենք Եվրամիության լիիրավ անդամ։ Այո, աներկբա և միանշանակ։
Մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձը ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ երկրին չեն կարող, չեն ընդունում ԵՄ անդամ, որովհետև դրա համար կա մի շատ մեծ և կարևոր նախապայման. Երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին:
Լավ, կարող է ոչ թե 100%-ով համապատասխանի, բայց գոնե 97–98–99%-ով պետք է համապատասխանի: Հակառակ դեպքում, այդ պայմանի շրջանցմամբ Եվրամիության անդամ դառնալու խնդիր դնելը ուղղակի ժամանակի և էներգիայի կորուստ է։
Հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է, մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանի Հանրապետությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով։ Այ երբ որ սա տեղի կունենա, այդտեղ գալիս է քաղաքական որոշման հարցը, որովհետև մենք պետք է մեզ հաշիվ տանք, ի վերջո Եվրամիությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս։ Կարող է նաև հակառակը տեղի ունենալ, բայց կարող է դա որոշել։
Մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, սա հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք Եվրամիության լիարժեք և լիիրավ անդամ, երկրորդ դեպքում մենք չենք դառնում ԵՄ անդամ, բայց լինում ենք ԵՄ ստանդարտներին հապատասխանող, ժամանակակից պետություն»,–ասաց նա։





























