Համաձայնագիրը վերաբերում է երկու երկրների այն քաղաքացիներին, որոնք Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվում են առանց որևէ օրինական հիմքի։ Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Համաձայնագիրն առնչվում է երկու պետությունների տարածքում գտնվող միմյանց քաղաքացիներին, որոնք տվյալ երկրներում են գտնվում առանց օրինական հիմքերի: Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգեր, որոնցով երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են նշված անձանց վերաբերյալ տեղեկություն փոխանակել», - ասել է Ղազարյանը։

Փոխնախարարը նշել է, որ համաձայնագրի նպատակն անօրինական միգրացիայի կանխումն ու խափանումն է, ինչպես նաև միգրացիոն ոլորտում համագործակցության հաստատումը։

Որոշ քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական արձագանքը։