ԱՄՆ–ի հետ համագործակցության շրջանակը մեծ հաշվով այսօրվա փաստաթղթում ընդգծված է, մենք արդեն համատեղ գործունեություն կծավալենք Թրիփ ընկերության շրջանակում կառավարելու համար միջազգային և տարածաշրջանային երկաթուղային հոսքերը, ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, նաև ակնհայտորեն այդտեղ կլինեն գազամուղ, նավթամուղ, էլեկտրա էլեկտրաէներգիայի տարանցման, արտահանման ոլորտում կլինի համագործակցություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության մենք, եթե կարելի է այդպես ասել, աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վեր ենք ածվում աշխարհի բավականին ակտիվ տեղում գտնվող երկրի, և սրանով շատ բան ասված է: Ի դեպ, շատ հետաքրքիր է, հետաքրքիր է տնտեսության և բիզնեսի վերաբերմունքը և արձագանքը այս ամեն ինչին:

Շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել երեկ. պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկում է տեղի ունեցել, և երեկ պարտատոմսերի տոկոսը ավելի քան 1.5 տոկոս նվազել է։ Հայաստանի պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, այսինքն Հայաստանի եկամուտները կա, խնայված գումարները ավելանում են և պահանջարկը երեք անգամ ավելի է եղել։ Մենք պլանավորած ենք եղել 50 միլիարդի թողարկում իրականացնենք, բայց շուկայում 165 միլիարդի հայտ է եղել ներկայացված, դրա արդյունքում է, որ տոկոսները նվազել են։

Շատ կարևոր է, որ մենք մեծ ծավալի օտարերկրյա ներդրողներ ունենք, որոնք ձեռք են բերում դրամով Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսեր։ Այսինքն, տնտեսական միջազգային միջավայրն էլ շատ արագ արձագանքում է տեղի ունեցող քաղաքական և տարածաշրջանային փոփոխություններին»,–ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ–ին, Փաշինյանը նշեց, որ սահմանային անցակետերի արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք. «Հիմա օրինակ Հայաստանը իրեն սահմանին մաքսային և սահմանային մեծ ժամանակակից անցակետ է կառուցվում Հայաստան-Եվրամիության համագործակցության շրջանակում»,– ընդգծեց նա։