Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ օդային գծի շինարարությունը համատեղ կարևոր նախագծերից մեկն է։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Նա տեղեկացրել է, որ աշխատանքներն ավարտված են 93-94%-ով։
Շինարարության ավարտը Հայաստանին թույլ կտա ավելացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները և փոխարենը ստանալ գազի լրացուցիչ ծավալներ։
Շիրգոլամիի խոսքով՝ այս նախագծի իրականացումը կօգնի Իրանի հյուսիսարևմտյան շրջաններին, որտեղ տարվա որոշակի ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկ է նկատվում։
Նա պարզաբանել է, որ նախագծի կապալառու հանդիսացող իրանական ընկերությունը բախվել է որոշակի դժվարությունների։ «Մենք քայլեր ենք ձեռնարկում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի ընկերությունը հնարավորինս արագ ավարտի աշխատանքները՝ նախքան նշված տարածաշրջաններում էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկի շրջանի մեկնարկը»,- եզրափակել է դիվանագետը։




























