Ես տարբեր առիթներով, որ ջերմոցներում լինում եմ, օրինակ, Գեղարքունիքի բարձրադիր վայրերում ջերմոցի սեփականատիրոջը ասում եմ՝ բա պրոբլեմ չի՞, որ այս ցուրտ մարզում եք բերում ջերմոցային տնտեսությունը դնում. պարզվեց, որ հենց ծովի մակերևույթից որոշակի բարձրության վրաէներգախնայողության առումով ամենահարմարն է, որովհետև արևի էներգիան այդտեղ օգտագործվում է մաքսիմալ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա պատկերացնո՞ւմ եք մեր Հանրապետության համար ինչ հնարավորություններ է բացում։ Հիմա այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս, որ մասնավորապես Գեղարքունիքի մարզում և այլ բարձրադիր վայրերում ունենանք այսպիսի տնտեսություններ։

Ընդ որում, լավ լուրն այն է, որ այդ ընկերությունները բավականին ֆինանսապես առողջ են և աշխատում են։ Այս թեմայով պետք է մշտական հաղորդակցության մեջ լինել իրական հատվածի հետ և մաքսիմալ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի այդ տնտեսությունը զարգանա, որովհետև կարող է պարզվի, որ դա Հայաստանի առաջատար տնտեսության ճյուղերից մեկն է»,–ասաց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ այս ոլորտում Հայաստանը արտահանման այնպիսի աճ է արձանագրել, որ ԵԱՏՄ որոշ երկրները մտածում էին, որ սա իրական արտահանում չի, ռեքսպորտի կասկածներ ունեին. «Եկել են տեղում նայել, որպեսզի համոզվեն, որ այդքան տնտեսություն է ձևավորվել Հայաստանում»։