Ամերիկյան Վաշինգթոն նահանգի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրող փաստաթղթին`ձայների 55 «կողմ» եւ 43 «դեմ» հարաբերակցությամբ:
Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել Վաշինգթոնի Սենատի կողմից: Սպասվում է, որ նահանգապետ Գրեգուարը փաստաթուղթը կստորագրի հաջորդ շաբաթ, գրում է Associated Press-ը:

Օրինագծի օգտին հիմնականում հանդես են գալիս դեմոկրատները: Հանրապետականները դեմ են նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը` կարծելով, որ դա խարխլում է ամուսնության ինստիտուտի հիմքերը:

Վաշինգթոնը կդառնա Ամերիկայի յոթերորդ նահանգը, որն օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Ներկա դրությամբ այն ընդունել են Քոնեքթիքութում, Այհովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Վերմոնթում եւ Նյու Յորքում:

Հիշեցնենք, թետրվարի 7-ին Սան Ֆրանցիսկոյի դատարանը Քալիֆորնիա նահանգում  նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը որակել էր իբրեւ ոչ սահմանադրական: