Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքչյանի հետ։

Ինչպես հայտնել են ՄԻՊ-ից, քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: