Եվրոպան պետք է ընտրություն կատարի ինքնիշխանության եւ  տրանսատլանտյան համերաշխության միջեւ, ստեղծված իրավճակը փորձություն է դառնում այսպես կոչված կանոնների վրա հիմնված աշխարհակարգի համար։ Այս մասին նշվել է Global Times թերթի հունվարի 16-ին հրապարակված խմբագրական հոդվածում։

«Գրենլանդիան Արեւմուտքի աշխարհաքաղաքական դիմադրողականության փորձադաշտ է դառնում, սակայն սա միայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ խնդիր չէ։ ԱՄՆ բացահայտ ռազմական սպառնալիքների եւ Գրենլանդիայում ԱՄՆ առկա ռազմակայանների համեմատ՝ Եվրոպայի սահմանափակ ռազմական գործողությունները ավելի շատ խորհրդանշական պատասխան են թվում, փորձ՝ փրկելու դեմքը եւ հանգստացնելու Դանիային՝ խուսափելով ԱՄՆ իրական զայրույթից»,- գրել է պարբերականը։

Հոդվածի հեղինակները կասկածի տակ են դնում, թե արդյոք Եվրոպան կհամաձայնի զիջումների գնալ։ «Սա ոչ միայն Դանիայի եւ Եվրոպայի հեղինակության եւ շահերի հարցն է, այլեւ հարց այն մասին, թե արդյոք Եվրոպան ունի համարձակություն պաշտպանելու դժվարությամբ նվաճված տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունը, երբ սպառնալիքի տակ է այն կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որի վրա այն հույսը դնում է»,- նշվել է հոդվածում։ Թերթը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ Եվրոպան դիրքավորվել է որպես «կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պաշտպան եւ խթանող», եւ հիմա ժամանակն է ստուգել դա։

Հոդվածում նշվել է, որ ՆԱՏՕ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներով ներկայացված անվտանգության բացառիկ, բախման եւ ուժի վրա հիմնված հայեցակարգը չի կարող իրական անվտանգություն բերել Եվրոպային: «Եվրոպան, հնարավոր է, ավելի համարձակ մտածի այն մասին, թե ինչպես կառուցի Եվրոպա առանց ՆԱՏՕ-ի եւ աշխարհ՝ առանց գերիշխանության»,- գրել է թերթը։

«Եվրոպան պետք է գիտակցի, որ եթե Վաշինգտոնում չկարողանա ստեղել այն զգացողությունը, որ Գրենլանդիայի բռնազավթումը կհանգեցնի կոշտ արձագանքի, ապա, հավանաբար, միայն ժամանակի հարց կլինի, թե երբ կղզին կհայտնվի ԱՄՆ գրպանում: Այդ դեպքում Եվրոպան կկորցնի ավելին, քան հողն է եւ ինքնիշխանությունը: Նման փոխզիջումը կստեղծի աղետալի նախադեպ ամբողջ աշխարհում: Բացի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելուց, եթե Եվրոպան ցանկանում է դառնալ նշանակալի բեւեռ բազմաբեւեռ աշխարհում, նրա վրա է դրված միջազգային իրավունքը եւ միջազգային կարգը պաշտպանելու պատասխանատվությունը»,- նշվել է հոդվածում: