Շաբաթ օրը Պակիստանում միմյանցից մի քանի ժամ տարբերությամբ տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով բեռնատարն ընկել է ջրանցքը, իսկ ուղեւորատար ավտոբուսը շրջվել է, տեղեկացրել է Associated Press-ը։
Առաջին վթարը տեղի է ունեցել Փենջաբ նահանգի արեւելյան մասում գտնվող Սարգոդհա քաղաքում, ուղեւորներ եւ բեռներ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ջրանցքը՝ խիտ մառախուղի պատճառով։ Ոստիկանության եւ փրկարարների տվյալներով՝ 14 մարդ զոհվել է, եւս ինը՝ վիրավորվել։
Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Ասլամ Բանգուլզայիի խոսքով՝ մյուս վթարի ժամանակ զոհվել է առնվազն 10 մարդ, 36-ը՝ վիրավորվել, երբ Բելուջիստան նահանգի հարավարեւմտյան մասում գտնվող ափամերձ Մակրան մայրուղում շրջվել է արագընթաց ուղեւորատար ավտոբուսը։
Նրա խոսքով՝ ավտոբուսը Կարաչի հարավային քաղաքից ուղեւորվում էր Բելուջիստանի Ջիվանի քաղաք։
Պակիստանում ճանապարհատրանսպորտային պատահարները սովորական երեւույթ են եւ հաճախ պայմանավորված են անզգույշ վարմամբ, ճանապարհների վատ վիճակով եւ ճանապարհային երթեւեկության կանոնների չպահպանմամբ։





























