Գերմանիայում նախկինում կանգնեցված ատոմային մի քանի ռեակտորներ կրկին գործի են դրվել: Պատճառը ցրտերի հետեւանքով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկն է:

Գերմանական էներգացանցերի օպերատորները նման որոշման են հանգել փետրվարի 7-ի երեկոյան` նշելով, որ դա «կանխարգելիչ միջոցառում է»:

Ռեզերվների միացման կարիքն առաջացել է փետրվարի 8-ի երեկոյան ժամերին: Սպասվող խորհրդակցության  ընթացքում  ընկերությունները կքննարկեն նաեւ դրանց հետագա շահագործման հարցը:

Ռեզերվներին էներգացանցերի օպերատորները դիմել են ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով, որը մեծացրել է պահանջարկը, այլեւ այն բանի, որ էներգիայի մի մասն արտահանվում է Ֆրանսիա, որտեղ դեֆիցիտ է, ինչպես նաեւ ռուսական գազի մատակարարման խնդիրներ:

2011թ. հուլիսին Գերմանիան էներգետիկայի ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումների փաթեթ է ընդունել` որոշելով հրաժարվել ԱԷԿ-ից եւ մինչեւ 2050թ. անցում կատարել էներգիայի նորացված աղբյուրներին: Դրանից հետո Գերմանիայում միանգամից ութ ատոմային ռեակտորներ էր կանգնեցրել, հիշեցնում է Lenta.ru-ն: