Վրացի նավաստիները, որոնք բռնի պահվում էին թուրքական Filippa C նավի վրա Օդեսայի նավահանգստում, ազատ են արձակվել:  

«Նովոստի Գռուզիա»-ին ծովային տրանսպորտի գործակալությունում հայտնել են, որ փետրվարի 8-ին իրենց հետ է կապվել նավաստիներից մեկը եւ հայտնել, որ Վրաստանի 7 քաղաքացիներ 24 օրվա ընթացքում իրենց կամքին հակառակ գտնվել են Օդեսայի նավահանգստում Պանամայի դրոշով  Filippa C  շոգենավում:

Վրացի նավաստիներից մեկը հայտնել է, որ նավատերն իրենց հնարավորություն չի տվել նավը լքելու, ինչպես նաեւ չի վճարել 4 ամսվա համար: Շոգենավի վրա անջատվել է ջեռուցման համակարգը, որի հետեւանքով անձնակազմից 2 անդամ ցրտահարվել են:

Գործակալությունը խնդրանքով դիմել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Նիշնիանիձեին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել, եւ նավաստիներն ազատ են արձակվել: Ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Թեմուր Իոբաձեն փետրվարի 9-ին մեկնել է Օդեսա` նավաստիներին հայրենքի վերադարձնելու համար: 

Վրացի նավաստիները հայտարարել են, որ նավն օգտագործվել է Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա մարդկանց եւ թմրադեղերի անօրինաբար տեղափոխելու համար: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալների` շոգենավը մեկնարկն սկսել է Ստամբուլից, սակայն շարքից դուրս է եկել եւ գտնվել է Օդեսայում:

Նավի տերն է թուրքական Snt Shipping LTD ընկերությունը: Կառավարիչը եւս թուրքական Canbaz Denizcilik Venakliyat Ticaret Sanayi LTD Sirket ընկերությունն է: