2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցի «Հայաստան–Ադրբեջան» բաժնում։
Զեկույցում մասնավորապես, նշվում է. «Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։
Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։
2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգըրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։
Միևնույն ժամանակ սակայն, 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»։




























