Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտն թեմը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։
Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին ուղղված։
Ներկայացնում ենք մի վկայություն. «Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ կիրակի պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հայտնել էր, որ իրեն աջակցող հոգեւորականներին են զանգել` փորձելով ճնշում գործադրել։ Նշենք, որ թեմի հոգեւորականների մեծամասնությունն ավելի վաղ իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Վեհափառ Հայրապետին ու Հայր Ռուբենին։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։





























