Այո, ինձ մոտեցել են համայնքապետարանից պաշտոնյաներ, խաղաղ, հանգիստ զրույց ենք ունեցել, առաջարկություն է արվել միանալու մեր նախկին առաջնորդ Գեորգ Սրբազանին, ես էլ սիրուն իրենց պատասխանել եմ, որ մենք ենթարկվում ենք եկեղեցու կարգուկանոնի և մեզ համար ամեն ինչից վեր է եկեղեցու կարգուկանոնը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վեդիի քահանա Տեր Հովսեփը՝ հավելելով, որ Մասյացոտն թեմի հայտարարության մեջ ամեն բան ասված է։
«Այսօրվա այդ խոսակցության ժամանակ սպառնալիք չի եղել, համենայնդեպս ես չեմ ընկալել դա սպառնալիք, որովհետև այդ մարդիկ, որոնք ինձ են մոտեցել, իմ համայնքից են, իմ նախընթաց ծառայության ընթացքում մենք բազմաթիվ անգամ հանդիպել ենք, ջերմ հարաբերություն ենք ունեցել, այդ բարեկամական հողի վրա են եկել և փորձել են առաջարկություն անել։ Հանգիստ զրույց է եղել և հրաժեշտ են տվել իրար։
Ես չէի ցանկանա անուններ տալ, քանի որ դա մտերմիկ հանդիպում է եղել, պարզապես կարող եմ ձեզ հաստատել, որ այո հանդիպում եղել է։ Իրենք հաշվի են առնել բարեկամական հարաբերությունը, մտերմությունը, փորձել են երկու հարց տալ և լսել պատասխանը ու հրաժեշտ ենք տվել իրար։
Նույն անձնավորության հետ մոտավորապես մեկ շաբաթ առաջ էլ է նման խոսակցություն եղել ու էլի մեղմ խոսակցություն է եղել»։
Հարցին՝ արդյոք իրեն առաջարկվել է պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը, որպեսի վարչապետը կարողանա գալ ու մասնակցել պատարագի, տեր Հովսեփը պատասխանեց. «Ոչ, նման բան չի եղել, եթե նման բան լիներ, ես կտրականապես մերժելու էի, որովհետև ինձ համար որպես հոգևորական, առաջնային է եկեղեցու կարգուկանոնը»։
Նա նշեց, որ այդ խոսակցությունից հետո ինքը այդ մասին տեղեկացրել է թեմի առաջնորդին։
Տեր Հովսեփն ասաց, որ այս օրերին Գևորգ Սրբազանը իր հետ չի հանդիպել. «Այս պահին ծառայության մեջ ենք, եկեղեցիներում ենք»։





























