Եթե քվորում եղավ, եպիսկոպոսաց ժողովը կկայանա՝ անկախ նրանից, թե ով կմասնակցի, ով՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք կկայանա Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսաց ժողովը, այն պարագայում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած տասը եպիսկոպոսները հայտարարել են, որ չեն մասնակցի ժողովին։

Մամուլում շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ մյուս եպիսկոպոսների նկատմամբ ճնշումներ կարող են գործադրվել, որպեսզի վերջիններն էլ չմեկնեն Ավստրիա և ի վերջո եպիսկոպոսաց ժողովը տեղի չունենա, Տեր Եսային արձագանքեց․

«Նման մտավախություն կա, բայց ոչինչ հստակ ասել չեմ կարող։ Եթե ֆորսմաժորային լուրջ իրավիճակներ չլինեն, ժողովը կկայանա։ Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում ժողովը կազմակերպելու համար»։

Տեր Եսային նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները հրավիրված են՝ մասնակցելու ժողովին։ Թե ինչ հարցեր են ներառված ժողովի օրակարգում, Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց։

«Առանձին հայտարարություն կանենք այդ մասին»,–նշեց նա։

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ին, Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած տասը եպիսկոպոսներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու եպիսկոպոսաց ժողովին, մյուս եպիսկոպոսներին էլ կոչ են արել հետևել իրենց օրինակին։