ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշատակիցները երեքշաբթի Մինեսոտայում ՝ ներգաղթի դեմ պայքարի շրջանակում նահանգի իրականացրած գործողության ժամանակ 5-ամյա տղայի են բռնել։ Նախադպրոցական տարիքի Լիամ Ռամոսը իր հոր հետ էր, որին Ներքին անվտանգության դեպարտամենտը (DHS) նույնականացրել է որպես Ադրիան Ալեքսանդր Կոնեխո Արիաս, երբ գործակալները մոտեցել են Կոնեխո Արիասին նրա մուտքի մոտ։ X սոցիալական ցանցում զետեղված հայտարարության մեջ DHS-ը նշել է, որ «ICE-ն չէր հետապնդում երեխային», այլ գործողություն էր իրականացնում նրա հոր՝ «անօրինական ներգաղթյալի» դեմ, որը հետապնդման ժամանակ «լքել» էր իր որդուն։

Կոլումբիա Հայթսի դպրոցական շրջանի հեռուստաալքին տրամադրված լուսանկարներում երևում է Լիամ Ռամոս անունով տղա, որը կրում է նապաստակի տեսքով ձմեռային գլխարկ, կանգնած է դրսում, իսկ ոստիկանը բռնել է նրա ուսապարկը։ Կոլումբիա Հայթսի հանրային դպրոցների վարչակազմը լուսանկարները նկարագրել է որպես պատահական անցորդի լուսանկար։

Շրջանի պաշտոնյաները չեն նշել լուսանկարները կատարած անձանց ինքնությունը՝ նրանց անվանելով «հայտնի և հաստատված համայնքի անդամներ»։

Ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Մարկ Պրոկոշը լրագրողներին ասել է, որ Լիամը և նրա հայրը, հավանաբար, պահվում են Թեքսասի ժամանակավոր կալանի կենտրոնում։ Դպրոցի ներկայացուցիչները հայտնել են, որ հայրն ապաստանի տրամադրման ակտիվ միջնորդագիր ուներ, սակայն արտաքսման հրաման չկար։

Ձերբակալման պահին որդին նոր էր վերադարձել նախադպրոցական հաստատությունից, չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտնել է դպրոցի տնօրեն Սթենվիկը։ Ըստ նրա՝ դպրոցի պաշտոնյաները միջադեպի ժամանակ Ռամոսների տանը եղել են աջակցություն ցուցաբերելու համար։

Սթենվիկն ասել է, որ ICE-ն վերջերս իր դպրոցական շրջանում ձերբակալել է ընդհանուր առմամբ չորս աշակերտի, նրանց թվում՝ մեկ 10-ամյա և երկու 17-ամյա դեռահասների։