Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ արձագանքելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ Ոչ թե հողը, այլ մանկությունը։ Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»։

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։