ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է նոր չափորոշիչ, որը կնվազեցնի շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։
Մասնավորապես, պաշտոնյան նշել է, որ նրանք սահմանել են, թե ինչպես պետք է հագեցված լինեն շինհրապարակները եւ ինչ գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործեն շինարարական ընկերությունները՝ օդի աղտոտվածության կամ արտանետումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար։
«Օրինակ, սահմանվել է պահանջ, որ շինհրապարակների ներսում ճանապարհները պետք է սալարկված լինեն բետոնով։ Ճանապարհ չհանդիսացող եւ չսալարկված մակերեսներ ունեցող տարածքները պետք է ծածկվեն խճաքարով՝ երթեւեկության կամ քամու կողմից փոշու բարձրացումը կանխելու համար։ Այս ամենը պետք է արվի արտանետումները կանխելու եւ շրջակա միջավայրում աղտոտվածության ու փոշու առկայությունը կանխելու համար»,- ընդգծել է Վարդանյանը։
Բացի այդ, կոմիտեն սահմանել է փոշու մարման, փոշու պահպանման սարքերի եւ ջրային մշուշի գեներատորների օգտագործման պարտադիր պահանջ։ Հայաստանի բոլոր շինհրապարակներն այժմ պարտավոր են հագեցված լինել այս չափորոշիչներով։
«Այս բոլոր չափորոշիչներն ընդունվել են միջազգային փորձի հիման վրա։ Դրա շնորհիվ շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա կնվազի»,- վստահեցրել է գերատեսչության պետը։





























