Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից տարվող արշավը նախընտրական ռազմավարության համատեքստում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանը։

«Եկեղեցու դեմ տարվող արշավն ու ստեղծված այս մթնոլորտը կշարունակվեն մինչև ընտրություններ։ Հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելու այս արշավը հենց նախընտրական ստրատեգիայի մեջ է մտնում։ Ուժերի բալանսը, ռեսուրսների բալանսն այսօր թույլ չի տալիս, որ որևէ կողմ կարողանա արձանագրել իր հաղթանակը»,–ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե իշխանությունն ունենար այդ ռեսուրսը, ապա վաղուց տարբեր մեթոդներով՝ սպառնալով ու ճնշելով՝ կստիպեր, որ Վեհափառն ինքնակամ հրաժարական տա։ «Դա տեղի չի ունենում, քանի որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը բավականին ամուր է կանգնած։ Վստահ եմ՝ եկեղեցին կարողանում է գտնել այն ռեսուրսները, որ գոնե այս իրավիճակը հավասարակշռությունը պահվի»,–ընդգծեց նա։