Արախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների հարազատներից որևէ մեկը տեղյակ չի եղել, որ նրանք Հայաստան են տեղափոխվում․ տեղի ունեցածի մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ֆեյսբուքյան գրառումից են տեղեկացել։ NEWS.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հայոբյանը նշեց, որ վստահ է՝ Հայաստանի իշխանություններն էլ Ադրբեջանի այդ նախաձեռնության մասին տեղեկացել են միայն արցախցիների՝ Հակարիի կամրջով անցնելուց հետո։
«Վստահ եմ՝ դա շատ հապշտապ գործընթաց է եղել։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չգիտեին՝ ովքեր են այդ մարդիկ, ովքեր են նրանց հարազատները»,–նշեց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ 11 քաղաքացիները ոչ թե իրենց դիմումի համաձայն են տեղափոխվել Հայաստան, ինչպես հայտարարում է Արսեն Թորոսյանը, այլ Ադրբեջանի նախաձեռնությամբ։
«Հայաստանի իշխանությունները ներկայացնում են, թե դա համատեղ գործընթաց է եղել, ես միանշանակ համոզված եմ, որ դա այդպես չէ։ Ադրբեջանն ուղղակի նպատակահարմար է գտել ուղարկել նրանց, որովհետև տարեց, ֆիզիկական կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց միջոցով չէին կարողանում տպավորության ստեղծել, թե հայերն Արցախում բարեկեցիկ կյանքով են ապրում։ Ադրբեջանն ուղղակի համարում է, որ Արցախի օկուպացիայի հետ կապված բոլոր խնդիրներն արդեն լուծված են, և այդ մարդկանց Արցախում գտնվելն այլևս նպատակահարմար չէ։ Միանշանակ է, որ ֆիզիկական կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այդ տարեց մարդիկ որևէ դիմում գրելու ո՛չ ունակություն ունեին, ո՛չ էլ հնարավորություն։ Այս իշխանությունների գործելաոճն է այդպիսին՝ ոչ մի գործընթացում չլինել, բայց ցույց տալ, թե նախաձեռնողականությունը իրենցն»,–ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, տարբեր աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն, Արցախում մնացած քաղաքացիներն ապրում էին «Դղյակ» հյուրանոցում․ նրանք չունեին ազատ տեղաշարժվելու հնարավորություն։
Մետաքե Հակոբյանի խոսքով, Արցախի պաշտոնյաներն էլ չգիտեն՝ որ հիվանդանոցներում են գտնվում Արցախից տեղափոխված քաղաքացիները․ իշխանությունը գաղտնի է պահում այդ տեղեկությունը։
«Միայն գիտենք, որ այն փոքրաթիվ քաղաքցիները, որոնք հարազատներ ունեն, իրենց հարազատների մոտ են, մյուսները՝ հիվանդանոցներում»,–հավելեց Հակոբյանը։
Հարցին՝ տեղեկություն ունե՞ն՝ ինչպես է ստացվել, որ քաղաքացիներից մեկն Արցախում է մնացել, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․
«Այդ անձը նույնպես առողջական խնդիրներ ուներ, և խոսքը ոչ ֆիզիկական առողջության մասին է։ Երևի թե, հարմար է գտել այնտեղ մնալը և մտածել է, որ ավելի ընդունելի կլինի այնտեղ»։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց այն մասին, որ Արցախում մնացած 11 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան։




























