Գերմանիան Ուկրաինա է մատակարարել ինը IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ եւ պատրաստվում է մոտ ապագայում մատակարարել ավելի շատ համակարգեր։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Հայկո Թոմսը։
«Որքան գիտեմ, մենք արդեն մատակարարել ենք ինը IRIS-T համակարգ եւ շուտով ակնկալում ենք մատակարարել ավելի շատ IRIS-T համակարգեր»,- դեսպանի խոսքերն է մեջբերել «Украинская правда»-ն։
Դիվանագետն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն անվանել է «խիստ կարեւոր»՝ նշելով, որ Գերմանիան այս ոլորտում Ուկրաինայի ամենամեծ գործընկերն է։
Նրա խոսքով՝ Գերմանիան 2025թ․ վերջին Ուկրաինա մատակարարել է եւս երկու Patriot համակարգ եւ շարունակում է զինամթերք մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
«Գիտեմ, որ սա դեռեւս բավարար չէ։ Ինչպես ասացի, ես եւս այստեղ եմ ապրում եւ հասկանում եմ իրավիճակը.,գիտեմ իրականությունը։ Բայց մենք անում ենք ամեն բան, ինչ կարող ենք, եւ ամեն ջանք գործադրում ենք Ուկրաինային աջակցելու համար՝ թե՛ էներգետիկ ոլորտին անմիջական օգնություն ցուցաբերելու, թե՛ հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման միջոցով»,- ընդգծել է Թոմսը։


























