Գերմանիայի Ստորին Սաքսոնիայում գտնվող Իմմելման ռազմական օդանավակայանի վրայով դեկտեմբերի 11-ին տասնյակ անօդաչու սարքեր են արձանագրվել։ Ինչպես նշվում է BILD-ի տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերում, սկզբում զինվորականները նկատել են երկու դրոն և այդ մասին հայտնել ոստիկանությանը, սակայն շուտով պարզվել է, որ բունդեսվերի ավիաբազայի տարածքի վրա միաժամանակ շուրջ 23 թռչող սարք է եղել։
Նրանց տեսակը, չափսերը և թռիչքի բարձրությունը հնարավոր չի եղել որոշել։ Ոստիկաններն ու զինվորականները մի քանի ժամ հետևել են տեղի ունեցածին՝ առանց միջամտելու հնարավորություն ունենալու։ Հաջորդ չորս օրերին թռիչքները շարունակվել են․ պահպանությունը արձանագրել է տարբեր տեսակի անօդաչուներ, այդ թվում՝ առնվազն երկու մետր թևերի բացվածքով ԱԹՍ-ներ։ Դրոնները ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգով վայրէջքի ենթարկելու փորձերը արդյունք չեն տվել։
Բունդեսվերի ներկայացուցիչը հաստատել է միջադեպի փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանել մանրամասները՝ հղում անելով ռազմական անվտանգության նկատառումներին։
Մամուլի տեղեկություններով, 2025 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 261 խախտում անօդաչուների կիրառմամբ, այդ թվում՝ բունդեսվերի օբյեկտների, Rheinmetall-ի նման պաշտպանական ձեռնարկությունների և էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։
BILD-ի հարցազրույցում մասնագետները նշել են, որ նման թռիչքները հետախուզական բնույթ են կրում և կարող են կապված լինել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Գերմանիայի ափերի մոտ ռուսաստանյան հետախուզական նավերի ակտիվությունը։




























