Համերգներից, մարզական միջոցառումներից հետո, վատ եղանակային պայմաններում կամ նմանատիպ այլ դեպքերում, երբ ուղևորությունների պահանջարկը  զգալիորեն գերազանցում է ազատ վարորդների քանակը, Yandex Go-ի «Ստարտ/էկոնոմ» սակագնի համար կգործի պատվերների բաշխման նոր համակարգ։ Այն կցուցադրի օգտատիրոջ տեղը հերթում՝ օգնելով ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ տրանսպորտային միջոցով ավելի արագ մեկնել։

Գործառույթը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի  շրջանակում։ 

Ծանրաբեռնված ժամերին պատվեր կատարելուց հետո հավելվածում ավտոմատ կերպով օգտատերերի վիրտուալ հերթ կձևավորվի։ Ուղևորությունները կիրականացվեն  ըստ պատվերների հերթականության՝  ով ավելի շուտ է պատվերը կատարել, նա ավելի վաղ կմեկնի։

Օգտատերերը կկարողանան իրական ժամանակում հետևել՝ հերթում որ տեղն են զբաղեցնում, ու ինչպես է հերթն առաջ գնում։ Արդյունքում՝ կկարողանան կողմնորոշվել՝ մնալ հերթում և սպասել «Ստարտ/էկոնոմ» սակագնով ուղևորությանը, ամրագրել ուղևորություն այլ սակագնով, թե օգտվել հասարակական տրանսպորտից։

Այն բանի շնորհիվ,  որ օգտատերերի որոշ մասը նախընտրություն կտա  ուղևորության այլ տարբերակների, «Ստարտ/էկոնոմ» սակագնի պահանջարկը կարող է նվազել, իսկ առկա վարորդների թիվը՝ աճել։ Արդյունքում՝ ուղևորությունների գները  նույնպես աստիճանաբար կարող են նվազել։