Դուք գիտեք, որ անկանխիկ ընդհանրապես պետք է չլիներ, ԱԺ–ի կողմից օրենքը ընդունվել էր առանց որևէ կանխիկի հնարավորության։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 300 հազար դրամի շեմ սահմանելու արդյունքում օրինակ, անշարժ գույքի շուկայում գնային խեղում է տեղի ունենում, կամ մարդիկ համատարած իրար տներ են նվեր տալիս, երբ հայտնի է, որ դա նվեր չի, կամ գործարքը ձևակերպում են նվազ գումարով։

«Մենք այս անցումային փուլում որոշեցինք այդ անկանխիկի շեմը գոնե դնենք ինչ-որ խելամիտ թիվ, որովհետև միջին վիճակագրական հայի համար, որը անում է ինչ-որ գործառնություններ, դա խելամիտ շեմ է։ Ենթադրում եմ, կարող է սխալվում եմ, չեմ կարող ասել»,–ասաց նա։

Պնդմանը, որ այս չափով աճող տնտեսության համար 300 000-ի շեմը պետք է բարձրացնել, ԿԲ նախագահն արձագանքեց. ««Միգուցե դուք ճիշտ եք, չեմ կարող ասել, մենք կդիտարկենք։ Բայց ես ուզում եմ, որ ոչ թե գումարի վրա մենք շեշտադրումը անենք, այլ այն գործառույթի, որը մեր կրիպտոյով զբաղվող գործընկերները պիտի իրականացնեն այդ նույնականացումը։ Այդ ամենակարևոր գործառույթն է, այսինքն մենք պիտի ունենանք ինֆորմացիա հավաստի, ո՞վ է իրականացրել այդ գործառնությունը, որտեղից այդ միջոցները ու ի՞նչ նպատակով»։