ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության` 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին:
Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեության հիմնական առաջնահերթություններն են եղել ոլորտային գործընթացների թվայնացումը, ֆիսկալ կայունության ապահովումը և պետական բյուջեի ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը։ Նախարարի խոսքով՝ նշված ուղղություններով իրականացվել են համակարգային և նպատակային միջոցառումներ, որոնք միտված են եղել պետական ֆինանսների կառավարման գործիքակազմի կատարելագործմանը, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, ինչպես նաև պետական միջոցների առավել թիրախային և արդյունքահեն օգտագործմանը։
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ ընդգծել է, որ այն նախորդիվ համարվել է և շարունակելու է համարվել առաջնահերթություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ թվայնացում ասելով պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը: «Մենք կոնկրետ մեր նախագծերի համալիր փորձաքննություններն արհեստական բանականությունով պետք է անենք, որովհետև եթե շինարարության փուլում ենք հասկանում, որ մեր նախագծում պրոբլեմ կա, նշանակում է՝ չենք կարողացել այդ նախագիծը կարդալ կամ կարդացել ենք՝ չենք հասկացել, հակառակ դեպքում հենց նախագծման փուլում կիմանայինք, որ մեր նախագծում պրոբլեմ կա։ Մենք այժմ սուպեր համակարգիչ էլ ունենք, շուտով ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ էլ ենք ունենալու։ Պետք է այս հնարավորություններից օգտվենք՝ մեր կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունը հնարավորություն է այսօր լուծելու բազմաթիվ խնդիրներ։
«Մեր պետական համակարգում կան բազմաթիվ ծառայություններ և ստորաբաժանումներ, որոնց գործը մոնիտորինգ անելն է։ Մոնիտորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա, որովհետև դա այն բանն է, որ հաստատ ոչ մեկ ավելի լավ չի կարող անել, որովհետև մոնիտորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողնելու: Հետևաբար՝ մենք կարող ենք այսպիսի խնդիր դնել, որ որտեղ մոնիտորինգն արվում է, արվի միայն արհեստական բանականության գործիքով: Այսինքն՝ խնդիրն առաջադրվում է և արհեստական բանականությունն է անում»,– նշել է երկրի ղեկավարը։





























