Հաքերների Anonymous խմբավորումը գրոհի է  ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կայքը:  Twitter միկրոբլոգների կայքում  @YourAnonNews-ը հայտարարություն է տեղադրել`  «CIA Tango down», CIA-ը ԿՀՎ-ի հապավումն է անգլերենով, իսկ Tango down-ն արտահայտություն է, որի օգնությամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնում են թշնամական օբյեկտի վերացման մասին: 

Հաքերները չեն հստակեցրել, թե որն է դարձել հարձակման պատճառը: Հետախուզական ծառայության ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել այս պատահարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Cia.gov կայք մտնել դեռեւս չի հաջողվում: 

Սա Anonymous-ի առաջին հարձակումը չէ ամերիկյան պետհաստատությունների կայքերի վրա: Անցյալ ամիս նրանց հաջողվել էր մի կարճ ժամանակով շարքից հանել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության եւ Հետաքննթյունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կայքերը: Այդ հարձակումներով հաքերները պատասխանել են  Megaupload ֆայլերի փոխանակման կայքի փակմանը:

Anonymous խումբը հանրահայտ է դարձել 2010 թվականի վերջին, երբ  DDoS-հարձակումների շարք էին կազմակերպել WikiLeaks-ի (այն ժամանակ տուժել էին  PayPal-ը, Visa-ն եւ MasterСаrd-ը) գործունեությանը խոչընդոտող ընկերությունների եւ կազմակերպությունների կայքերի վրա: LulzSec խմբի համախոհների հետ միավորված կիբերհանցագործների թիրախ են դարձել նաեւ Sony, Nintendo, PBS ընկերությունների կայքերը, ԱՄՆ-ի Սենատի կայքը, Բրազիլիայի, Մեքսիկայի, Իտալիայի կառավարական կայքերը: