Կուսակցությունների ֆինանսական թափանցիկության հարցում առկա բացերը վերացնելու նպատակով նախագիծ է մշակվել։ Այս մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրություններից առաջ կարող է ընդունվել մի օրենք, որը թույլ կտա իշխանություններին թույլ չտալ ընդդիմախոսներին մասնակցել ընտրություններին՝ նախարարը նշե; է, որ այդ մասով ընդունվել են նոր կարգավորումներ, որոնք նախատեսում են մեկ միասնական հաշիվ, կուսակցությանը կամ հիմնադրամին փոխանցումների վերին շեմի սահմանում և հաշվետվությունների ներկայացում։ Սակայն մնացել են խնդիրներ, որոնց հետ կապված կա մշակված նախագիծ։ «Բայց ձեր նշած տարբերակից խուսափելու համար նպատակահարմար չէ որևէ բան փոխել։ Դեռևս որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, ոչինչ չենք փոխի։ Նույնիսկ եթե օրենքն ընդունվի մինչև ընտրությունները, խաղի կանոնները չեն փոխվի», - հավաստիացրել է Գալյանը։
Նրա խոսքով՝ կա մեկ այլ խնդիր. շարժումների և նախաձեռնությունների ֆինանսավորման հարցերը կարգավորված չեն և դրանք կարգավորելը բարդ է։ Հասարակությունն ինքը պետք է շահագրգռված լինի իմանալու, թե որ ուժերն են ֆինանսավորում այս կամ այն շարժումը, կարծում է Գալյանը։
Այն հարցին, թե արդյոք ինքը՝ Գալյանը, նվիրատվություններ կատարել է «ՔՊ»-ին, նախարարը հայտարարել է, որ չի արել, սակայն ցուցակում իր մասնակցության համար նա պետք է վճարում իրականացնի։





























