Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) արդարադատության հարցերով հանձնաժողովը մերժել է նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի դեմ իմպիչմենտի երկու միջնորդությունները։ Այս մասին հաղորդում է GMA News-ը։

Որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ներկայացված միջնորդություններում Մարկոս կրտսերը մեղադրվում է կոռուպցիայի, սահմանադրության խախտման և հանրային վստահությունը դրժելու մեջ։ Այսպես, ֆիլիպինցի փաստաբան Անդրե դե Հեսուսը Մարկոս կրտսերին մեղադրել է հանրապետության նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի «առևանգմանն օժանդակելու» և նրան Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնելու մեջ։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ֆիլիպինյան իրավական համակարգը շրջանցելով։ Հանձնաժողովը նախագահի դեմ ներկայացված մեղադրանքները ճանաչել է անհիմն։

Ֆիլիպինների ոստիկանությունը Դուտերտեին ձերբակալել է անցյալ տարվա մարտին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, երբ նա Հոնկոնգից չվերթով ժամանել է Մանիլա։ Դրանից անմիջապես հետո նա տեղափոխվել է Հաագա։ Հանրապետության փոխնախագահ Սառա Դուտերտե-Կարպիոն՝ Դուտերտեի դուստրը, իր հայտարարության մեջ քննադատել է հոր ձերբակալությունը՝ այն անվանելով «ինքնիշխանության և յուրաքանչյուր ֆիլիպինցու նկատմամբ կոպիտ վիրավորանք, ով հավատում է երկրի անկախությանը»։