Ոգելից խմիչքի օգտագործման վրա ազդում են մշակութային, պատմական, տնտեսական և սոցիալական գործոնները։ Եվրոպական երկրները պարբերաբար ընդգրկվում են ամենաշատ ալկոհոլ խմող երկրների շարքում, մինչդեռ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, ընդհակառակը, ոգելից խմիչք գրեթե չեն օգտագործում։ Այդ միտումը նկատելի է նաև հետխորհրդային տարածքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նախկին Խորհրդային Միության երկրներից Վրաստանը 2022 թվականին մեկ շնչի հաշվով ամենաշատ ոգելից խմիչքն է օգտագործել՝ տարեկան մեկ շնչի հաշվով 15,5 լիտր։ Դա երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ Ռումինիայից հետո։

Լատվիան և Մոլդովան ևս ամենաշատ ոգելից խմիչք օգտագործողների շարքում են՝ համապատասխանաբար մեկ շնչի հաշվով 14,7 և 14,1 լիտրով, գրում է Naked Science-ը։

Ռուսաստանը՝ մեկ շնչի հաշվով 10,5 լիտրով, վարկանիշային աղյուսակում հավասարվել է Էստոնիային։ Նմանատիպ ցուցանիշներ ուներ Իռլանդիան։ Ուկրաինան մեկ շնչի հաշվով միջինում սպառել է 7,4 լիտր ոգելից խմիչք։

Հայաստանի բնակիչները նույնիսկ ավելի քիչ ոգելից խմիչք են օգտագործել՝ մեկ շնչի հաշվով 4,3 լիտր։ Այս ցուցանիշը փոքր-ինչ ցածր է Հնդկաստանի և Չինաստանի ցուցանիշից, որոնք երկուսն էլ կազմում են 4,5-ական լիտր։

Հետխորհրդային երկրների շարքում ամենաքիչ ոգելից խմիչք են օգտագործել Տաջիկստանի բնակիչները՝ մեկ շնչի հաշվով 0,7 լիտր։ Ուզբեկստանն ու Ադրբեջանը ևս ամենաքիչ ալկոհոլ խմողների շարքում էին։

2022 թվականին ալկոհոլի համաշխարհային միջին սպառումը կազմել է 5,8 լիտր։ Այսպիսով, հետխորհրդային երկրների մեծ մասում ոգելից խմիչքի սպառումը զգալիորեն գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը։