ԱՄՆ արդարադատության նախարարության վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ հանգուցյալ Էփշտեյնը հինգ տարի շարունակ համագործակցել է ծրագրավորող Բրայան Բիշոփի հետ՝ էթիկապես կասկածելի մի նախագծի շուրջ:

Ինչպես հայտնում է NV-ն, նրանց համատեղ աշխատանքի նպատակն է եղել ստեղծել «աշխարհում առաջին արհեստական երեխան» և տեխնոլոգիաներ մշակել մարդու կլոնավորման համար: 2018 թվականն ընդգրկող նամակագրությունը մատնանշում է, որ Էփշտեյնը պատրաստ է եղել գաղտնի միլիոնավոր դոլարներ ներդնել «դիզայներական երեխաների» բանակ ստեղծելու համար:

2018 թվականի հուլիսին Բիշոփը, ով իրեն տրանսհումանիստ է անվանում, Էփշտեյնին է ուղարկել մի նամակ, որտեղ մանրամասն շարադրել է նախագծի գիտական նպատակները: Խոսքը վերաբերում է ապագա սերնդի գենետիկական կատարելագործմանը՝ մարդու սաղմնային գծի փոփոխմանը այնպիսի հատկանիշներ փոխանցելու համար, ինչպիսիք են հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականությունը, մկանների արագացված աճը և երկարակեցության գեները: Էփշտեյնն առաջարկին արձագանքել է խանդավառությամբ՝ նշելով, որ ներդրումների հետ կապված խնդիրներ չունի, սակայն իր սկանդալային հեղինակության պատճառով ցանկանում է խուսափել նախագծի ղեկավարի հրապարակային կարգավիճակից

«Գարաժային կենսաբանության» փուլից լիարժեք հետազոտությունների անցնելու համար Բիշոփը հնգամյա շրջափուլի ընթացքում տարեկան մոտ 1,7 միլիոն դոլարի ֆինանսավորում է խնդրել, ինչպես նաև հավելյալ 1 միլիոն դոլար՝ պրոֆեսիոնալ լաբորատորիայի կահավորման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է 9,5 միլիոն դոլար։ Հետազոտության կարևոր տարրն են եղել կենդանիների վրա կատարվող փորձարկումները։ Նամակներում նշվում է, որ խումբը միկրոինյեկցիաներ և բարդ վիրահատական միջամտություններ է իրականացրել մկների վրա՝ Ուկրաինայի տարածքում գտնվող լաբորատորիայում։

Բիշոփի տեխնոլոգիական մոտեցումը ժամանակի ընթացքում դարձել է ավելի արմատական։ Եթե սկզբում նա առաջարկում էր փոփոխել սպերմատոզոիդներ արտադրող բջիջները, ապա հետագայում անցել է սաղմերի խմբագրման մեթոդներին, որոնք փաստացի համարվում են կլոնավորման ձև։ Էփշտեյնը հատկապես հետաքրքրված է եղել նման սաղմերի իմպլանտացիայի և կրման գործընթացով։ Նրա հետաքրքրությունն ունեցել է նաև անձնական դրդապատճառ. ըստ վկաների՝ ֆինանսիստը բազմիցս հայտարարել է «մարդկային ռասան իր ԴՆԹ-ով սերմանելու» ցանկության մասին՝ այդ նպատակով օգտագործելով Նյու Մեքսիկոյում գտնվող իր ռանչոն։

Գենետիկական փորձարկումների քննարկմանը զուգահեռ՝ Էփշտեյնը շարունակում էր մնալ սեռական բռնության և մարդկանց առևտրի վերաբերյալ հետաքննությունների կենտրոնում: Այն նույն ժամանակահատվածում, երբ նա պլանավորում էր «գերմարդկանց» ստեղծումը, դատախազությունը նրան մեղադրում էր հանցավոր ցանցի կազմակերպման մեջ, որտեղ զոհ էին դառնում մինչև 11 տարեկան աղջիկներ: Ֆինանսիստի հանցակիցներն օգնում էին թաքցնել այդ հանցագործությունները՝ ֆինանսական մեքենայությունների և կեղծ («տանիք») ընկերությունների բարդ համակարգի միջոցով:

Ինքը՝ Բրայան Բիշոփը, հետագայում ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում հայտարարել է, թե հպարտանում է նրանով, որ իր թիմը վերջիվերջո գումար չի վերցրել Էփշտեյնից: Սակայն նամակագրությունը վկայում է տեխնոլոգիայի առևտրային ուղու պլանավորման գործընթացում երկու կողմերի խորը ներգրավվածության մասին: Բիշոփն առաջարկել է օգտագործել «բժշկական տուրիզմը» և համագործակցությունը արտասահմանյան կլինիկաների հետ՝ մարդկանց վրա կատարվող փորձարկումների վերաբերյալ ԱՄՆ խիստ իրավական նորմերը շրջանցելու համար։