2025–ի առաջին եռամսյակում ունեցել ենք 5.2 տոկոս տնտեսական աճ, երկրորդ եռամսյակում՝ 6,4, և 3–րդ եռամսյակում՝ 6.2 տոկոս. Ակնկալում ենք, որ համեմատաբար բարձր տնտեսական աճ ենք ունենալու նաև 4–րդ եռամսյակում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ համոզմունք հայտնելով, որ 4–րդ եռամսյակի թվերը 3–ից ավելի բարձր են լինելու։

Նրա խոսքով, ՀՆԱ–ն 2025–ին 85-86 տրիլիոն դրամի կարգի է լինելու. «Տնտեսական աճը 2024–ին եղել է 5,9 տոկոս, հուսով ենք, որ 2025-ին 6–ից ավելի կլինի։ ՀՆԱ–ն 2024 թվականի դոլարային արտադրությամբ արդեն հասել էր 26 միլիարդ դոլարի և կարծում ենք, որ 2025–ին այդ ցուցանիշը 28 մլրդ դոլարից ավելի կլինի։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն, դոլարային արտահայտությամբ, 2024–ին կազմել է 8556 դոլար, և կարծում ենք, որ 2025–ին 9000-ի շեմը կանցնի։ 2025-ի արդյունքները կհրապարակվեն փետրվարին»,–ասաց նա։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին, Պապոյանն ասաց, որ 2025–ին այն եղել է 9.1%, իսկ 2024–ին այն եղել է 8.3%. «Տնտեսության բոլոր ոլորտները աճել են, ծառայությունները ավելի քան 10%-ով, առևտուրը՝ 3%-ով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6%-ով, շինարարությունը՝ ավելի քան 20%ով, արդյունաբերությունը 4.7%ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը 3.3%ով։

Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերաարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որոնք, այսպես ասած, սանկցիոն մեխանիզմների խստացման հետ են կապված։ Իսկ դուք գիտեք, որ ՀՀ կառավարությունը խիստ հետևում է, այսինքն ցանկացած որոշում, որ ԵՄ–ն կամ ԱՄՆ–ն ընդունում է Ռուսաստանի դեմ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում։ Այդ պատճառով, օրինակ, այն, ինը 2023 թվականին Հայաստանի տարածքով գնացել է կամ 24-ին, 25-ին թույլ չենք տվել»,–ասաց նախարարը։