Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։ Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է բյուջետային 17 ծրագիր․ այս նպատակով՝ կենսաթոշակային ապահովության ոլորտին հատկացվել է 560,271,5 մլն դրամ (61.9%), սոցիալական ապահովության ոլորտին՝ 122,676,5 մլն դրամ (13,5 %), ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին՝ 80,087.6 մլն դրամ (8.8%) և այլն։
Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության աճի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագիրը, որը Կառավարության որոշմամբ 2026 թ․ հունվարի 1-ից գործում է որպես պետական նպաստ։ 2025 թ․ծրագրից օգտվել է 45,103 երեխա․պետական բյուջեից հատկացվել է 27.1 մլրդ դրամ։ Շարունակվում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացը․հաշվետու տարում օրենքով սահմանված գումարը տրամադրվել է 67,943 երեխայի (բյուջե՝ 30.2 մլրդ դրամ)։ Միաժամանակ, 2025 թ․ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է ստացել 37,420 երեխա․պետական բյուջեից հատկացվել է 20.9 մլրդ դրամ։
Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 572 անձ։ Անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ․ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։
Շարունակվում է նաև Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8,165 անձ․ լիովին մարվել է 1,559 վարկ, վարկերի մարմանն ուղղվել է 1.3 մլրդ դրամ։
Զբաղվածության ապահովման ոլորտում 2025 թ․ շարունակվել են մի շարք թիրախային ծրագրեր։ Ռազմական գործողություններին մասնակցած անձանց, 2020 թ․ հետո զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրի շրջանակում 2025 թ․ ընդգրկվել է 238 անձ (նախատեսվածի 96․4 %-ը)․ 2026 թվականին նախատեսված է 500 անձի մասնակցություն ապահովել։ Միաժամանակ, իրականացվում են միջոցառումներ՝ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև մշակվում են նոր ծրագրեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց, 63-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների, չսովորող և չաշխատող երիտասարդների համար։





























