Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։
Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան։ Ո՛չ։
Ազատությու՛ն մեր Սրբազան Հայրերին, ազատությու՛ն բոլոր մյուս քաղբանտարկյալներին և տնային քաղկալանավորներին»։
Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը թույլ տվեց, որ Սրբազանին կարող է այցելել նրա 66-ամյա եղբայրը, և Սրբազանի խնամակալը հանդիսացող եղբորորդին։
Իսկ ահա պատարագների մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի ավելի ուժ։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:
Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ։




























