Չինաստանի Ժողովրդական բանկը, ութ համապատասխան գործակալությունների հետ միասին, համատեղ հայտարարություն է տարածել, որով վերահաստատել է երկրում բոլոր կրիպտոարժութային գործարքների արգելքը: Արգելքը վերաբերում է առևտրին, տոկենների թողարկմանը, միջնորդական ծառայություններին, ֆինանսական ապրանքներին, արդյունահանմանը և արդյունահանման սարքավորումների արտադրությանն ու վաճառքին, հայտնում է РБК-ն:

Փաստաթղթում նշվում է, որ կրիպտոարժույթները Չինաստանում օրինական վճարամիջոց չեն համարվում և չեն կարող օգտագործվել որպես արժույթ: Արգելվում է դրանց գովազդը և դրանց հետ կապված ցանկացած ծառայության մատուցումը՝ ներառյալ տեղեկատվությունը: Արտասահմանյան ընկերություններին և անհատներին արգելվում է նման ծառայություններ մատուցել չինական կազմակերպություններին:

Հատուկ ուշադրություն է դարձվում յուանի հետ կապված սթեյբլքոյններին. դրանց թողարկումը հնարավոր է միայն կարգավորող մարմինների ուղղակի հաստատմամբ: Իրական աշխարհի ակտիվների տոկենիզացիան (RWA) նույնպես համարվում է անօրինական ֆինանսական գործունեություն և թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ համապատասխան կառույցների հաստատմամբ:

Իշխանությունները կուժեղացնեն խարդախության, փողերի լվացման և անօրինական դրամահավաքի դեմ պայքարը և խստորեն կհետևեն օտարերկրյա կրիպտո ծառայությունների՝ չինացի օգտատերերի հետ աշխատանքին և չինական ընկերությունների արտասահմանյան RWA նախագծերին:

Մայնինգը Չինաստանում արգելված է 2021 թվականից, և նոր հայտարարությունը հաստատում է, որ դրանով զբաղվողների գործունեությունը ճնշվում է բոլոր մակարդակներում: Բոլոր մայնինգային ֆերմաները պետք է փակվեն, իսկ նոր սարքավորումների ստեղծումն արգելված է։

Հրահանգը ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո և փոխարինում է 2021 թվականի նախորդ հայտարարությանը։