Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններն Ալեքսանդրովսկայա հիվանդանոցում մարդկային օրգանների ապօրինի շրջանառության սխեմա են բացահայտել։ Հետաքննության տակ են պաթոլոգիայի բաժանմունքի վարիչը և առևտրային ընկերության ղեկավարը։ Հարուցվել է քրեական գործ կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով։ Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են մարդկային մարմնամասեր, հաղորդում է Lenta.ru-ն։
Քննիչների տվյալներով՝ ձեռնարկատերը բժշկի հետ պայմանավորվել է հիմնականում ազգականներ չունեցած և հակասոցիալական ապրելակերպ վարած մահացածների չպահանջված մարմինների փոխանցման մասին։ Մարմիններից հանվել են օրգաններ և ոսկրային հյուսվածքներ, ապա վաճառվել առևտրային կազմակերպություններին։ Ստացված նյութերն օգտագործվել են կոսմետոլոգիայում, վիրաբուժությունում և ատամնաբուժությունում որպես ուսումնական և ցուցադրական նմուշներ։
Ավելին, ընկերություններին թույլատրվել է դիահերձում անցկացնել առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Հետաքննիչները նաև արձանագրել են մարմինների փոխարինման դեպքեր՝ մահացածի հարազատների հայտնվելու դեպքում անօրինական գործունեությունը թաքցնելու համար։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ պաշտոնյան համակարգված կերպով ստացել է առնվազն 500 հազար ռուբլու կաշառք։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ մարմնի մասերը, հնարավոր է, հեռացվել են «պատվերով», և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները մուտք են ունեցել դիահերձարան։
Հետաքննությունը շարունակվում է, որոշվում է ձերբակալվածների խափանման միջոցը։





























