Սքոթլանդ Յարդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը խուզարկել է ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնին պատկանող երկու բնակելի տներ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին գաղտնի կառավարական տեղեկաության փոխանցման հետաքննության շրջանակում։
Քննչական գործողություններ են իրականացվել Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Ուիլթշիր դքսությունում և Լոնդոնի Քեմդեն թաղամասում։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ խուզարկությունները կապված են 72-ամյա տղամարդու մասնակցությամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման շարունակական գործի հետ։ Ձերբակալություններ չեն կատարվել։
Մանդելսոնի դեմ քրեական հետաքննություն է սկսվել փետրվարի 3-ին։ Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ 2009 թվականին նա, ենթադրաբար, Էպշտեյնին գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Լեյբորիստական կառավարության՝ նախատեսվող հարկային փոփոխությունների, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամից տուժած հարավային Եվրոպայի երկրների համար ԵՄ-ի ֆինանսական օգնության առաջիկա ծրագրի մասին։
Մանդելսոնն ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր 2025 թվականի փետրվարից, սակայն սեպտեմբերին պաշտոնանկ է արվել՝ Էպշտեյնի հետ նրա կապերի մասին նոր տեղեկություններ ստանալուց հետո։ Նախկինում նա եղել է Լեյբորիստական կուսակցության ազդեցիկ քաղաքական գործիչ, ծառայել է Թոնի Բլերի և Գորդոն Բրաունի կառավարություններում, ինչպես նաև եղել է առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար։
2026 թվականի փետրվարի սկզբին Մանդելսոնը հայտարարեց Լեյբորիստական կուսակցությունից իր հրաժարականի և Լորդերի պալատից հեռանալու մտադրության մասին։ Նրա ցմահ պաշտոնը ուժի մեջ է մնում, սակայն իշխանություններն արդեն պատրաստում են օրենսդրական ակտ, որը կարող է նրան զրկել այդ կարգավիճակից։
Ջեֆրի Էպշտեյնը ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականին՝ անչափահասների սեռական շահագործում կազմակերպելու մեղադրանքով։ Նրա ծանոթների թվում էին տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ և հասարակական գործիչներ։ Քրեական գործը կարճվել է նույն թվականի օգոստոսին բանտում նրա մահից հետո։





























