Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել իր հրթիռային ծրագրերի վերաբերյալ, քանի որ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ ուրանի հարստացման արգելքի հարցը Իրանի տեսակետից քննարկման ենթակա չէ, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Նա ընդգծել է, որ «ուրանի հարստացումը Իրանի օրինական իրավունքն է եւ պետք է շարունակվի»՝ ավելացնելով, որ անգամ ռմբակոծումները չկարողացան զրկել երկրին համապատասխան հնարավորություններից։

«Ոչ հիմա, ոչ ապագայում հրթիռների վերաբերյալ բանակցություններն անհնար են, քանի որ դա կրում է պաշտպանական բնույթ»,- հայտնել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային հարցը կարող է կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով։