Բաքվում ԱՄՆ դեսպանատունը անհամբերությամբ սպասում է, թե երբ Սպիտակ Տունը կհրապարակի Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի անունը",- այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը:
«Վաշինգթոնում ընթանում է թեկնածուների քննարկման գործընթաց եւ մենք սպասում ենք, թե երբ այն կավարտվի: Այն, որ դեռ նոր դեսպանի թեկնածությունը քննարկվում է, չի նշանակում, որ պարտադիր պետք է սպեկուլյացիա անել այդ հարցի շուրջ»,- ասել է նա ու ընդգծել, որ ներկայումս Սպիտակ Տունը քննարկում է մի քանի երկրներում դեսպաններ նշանակելու հարցը: Դեվիդսոնը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում դեսպանի բացակայությունը չի խանգարում ԱՄՆ-ին շարունակել համագործակցությունը պաշտոնական Բաքվի հետ:
Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար շրջանառվում էր Մեթյու Բրայզայի անունը: Սկզբում այդ թեկնածությանը դեմ էր Ադրբեջանը, սակայն հետագայում տեղեկատվություն ստացվեց, որ Սպիտակ տանը Բրայզայի նշանակման ընթացակարգը սառեցվել է: Ընդ որում նշվում էր, որ Ադրբեջանը արդեն իր համաձայնությունը տվել էր այդ թեկնածությանը:
Նշենք նաեւ, որ Հայաստանում եւս երկար ժամանակ ԱՄՆ դեսպան չէր նշանակվում, քանի որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված թեկնածուն հայտարարել էր, որ հավատարիմ է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը եւ չի ճանաչում հայերի ցեղասպանությունը: Հայկական կողմը կտրականապես դեմ էր նրա թեկնածությանը, որի արդյունքում ԱՄՆ կառավարությունը փոխեց նրան եւ դեսպան նշանակեց Մարի Յովանովիչին:




























