Տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումների առկայության դեպքում տեղեկատվությունը «Արմեդ» համակարգից ավտոմատ կերպով կփոխանցվի ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստր, ինչը հիմք կհանդիսանա վարորդական իրավունքի դադարեցման համար։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս վարորդական իրավունքի գործողության դադարեցումն իրականացվում է մի շարք հիմքերի առկայության դեպքում՝ տիրոջ մահվան, անձին անգործունակ ճանաչելու, ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև համապատասխան բժշկական մարմնի տրամադրած եզրակացության հիման վրա նրա թմրամոլության և հոգեկան անկայուն վիճակի դեպքում։

Ղազարյանը հավելել է, որ օրինագծով առաջարկվում է բժշկական մարմնի եզրակացությունը փոխարինել էլեկտրոնային տեղեկատվությամբ, որը կտրամադրվի Առողջապահության նախարարության կողմից։ Նա հայտնել է, որ վերջին չորս տարիների ընթացքում այս խախտման հիմքով 2370 վարորդ զրկվել է իրավունքից։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր հերթին կոչ է արելմշակել ավելի խիստ պատժամիջոցներ՝ ղեկին հեռախոսով խոսելու, ինչպես նաև երեխաներին տեղափոխելիս հատուկ նստատեղերի (մանկական աթոռակների) բացակայության համար։