Երկուշաբթի Անկարայում նույն ընտանիքի երեք անդամներ են հրազենի կրակոցից սպանվել, ինչը վրդովմունք է առաջացրել ֆեմինիստական խմբերի շրջանում, որոնք պնդում են, որ մարդասպանը բանտարկված ընտանիքի անդամ էր, որին ազատ էին արձակել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հանցագործի զոհ են դարձել նրա մայրը, կինը և դուստրը, այնուհետև նա զենքն ուղղել էր ինքն իր վրա։ Ըստ DHA լրատվական գործակալության՝ կասկածյալը, որը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում պատիժ էր կրում խարդախության և զինված սպառնալիքի համար, փետրվարի սկզբին 11-օրյա ժամկետով ազատ է արձակվել բանտից։
«Անցյալ տարի վեց կին սպանվեց բանտարկյալների ձեռքով, որոնք փախել էին բանտից կամ ժամանակավորապես ազատ էին արձակվել։ Արդարադատության և ներքին գործերի նախարարները ոչինչ չասացին, և ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Եվ այսօր ևս մեկ բանտարկյալ կրկին սարսափ է սերմանել»,- X սոցիալական հարթակում գրել են Կանանց համերաշխության կոմիտեները։
Թուրքական «Մենք կկանգնեցնենք կանանց սպանությունները» իրավապաշտպան խումբը ևս դատապարտել է սպանությունները և երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիա է կազմակերպել Անկարայում։
Խմբի տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին 294 կին սպանվել է տղամարդկանց ձեռքով, իսկ 297 կին հայտնաբերվել է մահացած կասկածելի հանգամանքներում։ Սպանվածների 35 տոկոսին սպանել են իրենց ամուսինները, իսկ 57 տոկոսը՝ հրազենով։




























