ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խստացրել է վենեսուելական նավթի հետ գործարքների պայմանները՝ պաշտոնապես արգելելով Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ ցանկացած գործարք։ Ըստ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) տրված նոր լարտոնագրերի՝ Վենեսուելայի պետական նավթագազային PDVSA ընկերության հետ գործարքներ կատարելու թույլտվությունն այժմ ուղղակիորեն կապված է պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետ համագործակցության բացակայության հետ։
ԱՄՆ գերատեսչության տված երեք արտոնագրերը մասամբ վերացնում են Վենեսուելայի կառավարության, PDVSA-ի և դրանց առնչվող կազմակերպությունների հետ փոխազդեցությունների որոշակի սահմանափակումները։ 46A արտոնագիրը ԱՄՆ լիազորված կազմակերպություններին թույլ է տալիս արտահանել, վերաարտահանել, տեղափոխել և վերամշակել վենեսուելական նավթը, իսկ 48-րդ արտոնագիրը թույլ է տալիս ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների մատակարարում Վենեսուելայում հետախուզման և արդյունահանման համար։ Երրորդ (30B) արտոնագիրը ներառում է երկրի նավահանգիստների և օդանավակայանների շահագործման համար անհրաժեշտ գործողությունները։
Բոլոր թույլտվությունների հիմնական պայմանը Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի, ինչպես նաև նրանց կողմից վերահսկվող կազմակերպությունների գործարքներին ներգրավվածության բացահայտ արգելքն է։ Բացի դրանից, պայմանագրերը պետք է կարգավորվեն ԱՄՆ օրենսդրությամբ, իսկ «արգելափակված անձանց» վճարումները (բացառությամբ տեղական հարկերի) պետք է փոխանցվեն օտարերկրյա կառավարության հաշիվներին։
Այս սահմանափակումները կազդեն Վենեսուելայում ռուսական ներդրումների վրա, որոնք, ըստ Reuters-ի, կազմում են մոտավորապես 17 միլիարդ դոլար և ներառում են նավթահանքերում ունեցած բաժնեմասեր։ 2010-ականների կեսերին «Ռոսնեֆտը» PDVSA-ի հետ ստեղծել է հինգ համատեղ ձեռնարկություն՝ Petromonagas (40%), Petroperija (40%), Boqueron» (26,67%), Petromiranda (32%) և Petrovictoria (40%)։ 2020 թվականին, երբ վենեսուելական ընկերությունը պատժամիջոցների ենթարկվեց, «Ռոսնեֆտը» հայտարարեց վենեսուելական ակտիվներից դուրս գալու մասին, սակայն դրանք փոխանցվեցին նորաստեղծ «Ռոսզարուբեժնեֆտ» ԲԲԸ-ին, որը 100%-ով պատկանում է Ռուսաստանի կառավարությանը։
2025 թվականի նոյեմբերին Վենեսուելայի Ազգային ժողովը երկարաձգեց այդ նախագծերի ժամկետը մինչև 2041 թվականը՝ նախատեսելով լրացուցիչ 616 միլիոն դոլարի ներդրումներ և մոտավորապես 91 միլիոն բարել նավթի արտադրության պլան 15 տարվա ընթացքում։ Սակայն, այս տարվա հունվարին Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո, նախագահական լիազորությունները փոխանցվեցին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նավթը հայտարարեց «Միացյալ Նահանգների սեփականություն» և պահանջեց, որ օտարերկրյա ընկերություններն աշխատեն ԱՄՆ վարչակազմի միջոցով, այլ ոչ թե անմիջապես Կարակասի հետ։





























